168 Hours Weekly Online  
Friday, March 12, 2010




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց

Մարտ 25, 2008 | 17:38

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` ծաղիկներ դնելով նրա շիրմաքարին: Նրանց ուղեկցում էին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Պանթեոնում հոգեհանգստյան արարողություն անցկացվեց Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի խոսքով` Ա. Մարգարյանը մեծ ռոմանտիկ էր, նա հնարավորինս կարողանում էր զարգացնել քաղաքական եւ պետական գործչի իր կերպարը: Անդրանիկ Մարգարյանը մնաց ժողովրդի հիշողության մեջ, որովհետեւ ժողովուրդը կարողացավ ստեղծել կերպար եւ մատնացույց արեց, թե ինչպիսին պետք է լինի պետական պաշտոնյան, որի հետեւից կգնա ինքը: Նրա մեծությունը կանխորոշեցին ոչ միայն պատմական այն երեւույթները, որոնց մեջ ինքը եղել է, այլեւ` ժողովուրդը, որը կարողացավ գնահատել նրան,- ասաց Գ. Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի խոսքով` հանդուրժողականության եւ համագործակցության այն մթնոլորտը, որ Ա. Մարգարյանը կարողանում էր ստեղծել իր շուրջը քաղաքական դաշտում եւ պետության մեջ, նրա հսկայական ավանդն էր: Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ անդամը, եւ յուրաքանչյուր մարդ կարողանա իր լուման դնել պետության զարգացման ու ամրապնդման մեջ, որովհետեւ յուրաքանչյուր նորանկախ պետականություն ունի դրա կարիքը,-նշեց նա:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա մեզ հետ է: Այս մեկ տարին արագ անցավ, սակայն վերքը դեռ չի սպիացել: Նա ազգային քաղաքական գործիչ էր, եւ պետք է ցավով նշենք, որ ազգային բառը, որով մենք բնութագրում ենք քաղաքական գործիչներին, այսօր խիստ պակասում է մեզանում,- ասաց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով` յուրաքանչյուր քաղաքացի այսօր իրավունք ունի հպարտանալու, որ մեր պետությունն ունեցել է այնպիսի վարչապետ, ինչպիսին Ա. Մարգարյանն էր: Նա իր վարչապետության ընթացքում հասցրեց ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի հայ պետական գործիչը` անմնացորդ նվիրումով իր ժողովրդին եւ իր պետությանը,- ասաց Գ. Մինասյանը: