168 Hours Weekly Online  
Friday, March 12, 2010




. Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության Հայտարարությունը

Մարտ 18, 2008 | 18:40

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած մասայական անկարգությունները, զինված ընդհարումները իրավապահ ուժերի հետ, որոնց արդյունքում ցավոք եղան տուժածներ եւ անմեղ զոհեր, թալանն ու վայրագությունները ցնցեցին ողջ ժողովրդին: Տեղի ունեցածը, անտարակույս, որեւէ կապ չունի քաղաքական խաղաղ պայքարի, ընտրություններից հանրության հիմնական հատվածի սպասելիքների եւ, առավել եւս, հանրային կյանքի ժողովրդավարացման հետ: Ավելին, իրադարձությունների նման զարգացումը անհամատեղելի է ողջամտության եւ հանրության առջեւ քաղաքական պատասխանտվության հայտնի ընկալումների հետ: Այդ իրադարձությունների արդյունքում, վտանգված է Երկրի միջազգային հեղինակությունը, խորացել է ժողովրդի հիասթափությունը քաղաքական գործընթացներից, խաթարվել է հանրության միասնությունը եւ քաղաքացիների հոգեկան անդորրը: Եվ այսօր էլ, ողբերգական այդ իրադարձություններից օրեր անց, հանրային միտքը դադար չունի եւ, ամբողջությամբ գտնվելով այդ մզձավանջի ազդեցության տակ, փորձում է գտնել բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները: Ինչու՞ այդպես եղավ: Մի՞թե հնարավոր չէր խուսափել իրերի նման զարգացումից: Արդյո՞ք մենք օբյեկտիվորեն դատապարտված էինք նորից վերապրելու 1996թ. սեպտեմբերը: Ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր անմեղ զոհերի համար: Արդյո՞ք կարող է արդարացված լինել մարդկանց կյանքի գնով քաղաքական նպատակներին հասնելու գործելաոճը կամ արդյո՞ք գոյություն ունի որեւէ քաղաքական նպատակ, որին մարդկանց կյանքի գնով հասնելը կարող է արդարացված լինել: Եվ վերջապես, ու՞մ էր այս ամենը ձեռնտու: Անշուշտ այս, ինչպես եւ հանրության միտքը մաշեցնող այլ հարցերը, հռետորական չեն, ուղղակիորեն բխում են մեր քաղաքական իրողությունից, շոշափում են հասարակության յուրաքանչյուր անդամի կենսական հետաքրքրություններն ու շահերը եւ շուտափույթ պատասխան են պահանջում: ՀՔԴՄ-ն համոզված է, որ այս ամենի ողջամիտ եւ հանրությանը բավարարող մեկնաբանություններին ու պատասխաններին կարելի է հանգել միայն մեկ պարագայում, եթե առաջնորդվենք հանրային կյանքի բնականոն զարգացումը երաշխավորող կարեւորագույն սկզբունքով, այն է` ցանկացած քաղաքական նպատակ պետք է բարոյապես արդարացված լինի: Թեպետ վերը բերված հարցերի պատասխաններն ու մեկնաբանությունները ժամանակ են պահանջում եւ կարող են նույնիսկ վիճահարույց լինել, այդուհանդերձ ակնհայտ է, որ հարկավոր է այս իրավիճակից դուրս գալ: Ընդ որում հարկավոր է դուրս գալ` հնարավորինս մինիմալ կորուստներով:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախ գնահատել ձեռքբերումները, քաղաքական այն զուտ ակտիվը, որը ձեւավորվել էր ընտրությունների եւ հետընտրական զարգացումների արդյունքում` մինչ հայտնի իրադարձությունները, ապա հետագա քայլերն ու զարգացումները դիտարկել բացառապես այդ ձեռքբերումները հանրային կյանքի ժողովրդավարացմանը ծառայեցնելու հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից: Իսկ դա հնարավոր է միայն իրերի անաչառ եւ բազմակողմանի վերլուծության պարագայում, պայմանավորված նաեւ նրանով, թե որքանով է պատրաստ հայրենի քաղաքական միտքը (եւ իշխանությունը եւ թե ընդիմությունը) այս հարցերի շուրջ բաց եւ անկաշկանդ երկխոսության ժողովրդի հետ: Միաժամանակ առանձնահատուկ կարեւորություն է ստանում տեղի ունեցածին փաստարկված իրավական եւ քաղաքական գնահատական տալու խնդիրը, քանի որ դա է անհեռանկար եւ աննպատակ առճակատումներից հետագայում խուսափելու մեր գլխավոր երաշխիքը: Հետեւաբար, հիմա իրերը իրենց անունով անվանելու եւ դասեր քաղելու ժամանակն է: Եվ այն վերաբերվում է բոլորիս: ՀՔԴՄ-ն այդ առումով փաստում է. Անցած նախագահական ընտրությունները Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն էին, որ անցան բաց եւ թափանցիկ քաղաքական մրցակցության պայմանններում: Այս պարագան արձանագրում են նաեւ միջազգային կառույցները: Առաջին անգամ հանրությունը ականատես եղավ մի ընտրապայքարի, որում հիմնական լիդերները բաց եւ անզիջում մրցում էին ընտրողներին սեփական ծրագրերով եւ քաղաքական մեկնաբանություններով հրապուրելիչ եւ խոստումնալից ներկայանալու եւ նարց իր կողմը ներգրավելու խնդրում: Նախընտրական մրցարշավում նման մարտավրության ձեւավորմանը էապես նպաստեց Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Թեպետ այն քաղաքական պրոցեսին առանձնապես բովանդակություն չհաղորդեց եւ հանրությունը ականատես չեղավ գաղափարախոսությունների սպասված պայքարին, այդուհանդերձ Տեր-Պետրոսյանի քաղաքական բեմելն աշխուժություն մտցրեց քաղաքական կյանքում եւ շարժեց հանրության հիմնական հատվածի առողջ հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ: Դրանով պետք է բացատրել ընտրողների աննախադեպ ակտիվությունը քվեարկության օրը: Եվ թեեւ ընտրությունները զերծ չէին թերություններից ու խախտումներից, այդուհանդերձ առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ ընտրողների այդչափ ակտիվ մասնակցության պարագայում մասսայական կեղծիքներն ու խախտումները, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, բացառվում են: Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին նախորդ բոլոր ընտրություններից նաեւ ընտրական վարչարարության կատարելագործմամբ, մի հանգամանք, որը նպաստավոր դեր խաղաց ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը ձեւավորելու գործում: Մասնավորապես, քվեարկության օրվա ընթացքում իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքները ընտրախախտումների եւ հանձնաժողովների բնակականոն աշխատանքին խոչնդոտելու դեպքերին, ընտրական տեղամասերից քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքի առանց ընդմիջելու հեռուստալուսաբանումը, վերահաշվարկի ընթացքի թափանցիկ լուսաբանումները կոչված էին փարատելու քվեարկության արդյունքների նկատմամբ կասկածներն ու անվստահությունը:

Արդյունքում, միգուցե առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ, ժողովրդին հաջողվել էր սեփական գործնական մասնակցությամբ ձեւավորել նախագահական իշխանություն, որի օրինականությունը նվազ խոցելի էր թե մեր հանրության եւ թե արտաքին աշխարհի համար, իշխանություն, որն ուներ արտաքին տարաբնույթ ճնշումներին եւ ազդեցություններին դիմագրավելու անհրաժեշտ ամրության պաշար, բայց եւ իշխանություն, որը միաժամանակ ստանձնել էր մեծագույն պարտավորություններ սեփական ժողովրդի առջեւ: Այս գործոններն են պայմանավորում ցանկացած իշխանության լեգիտիմությունը եւ սա է, ըստ ՀՔԴՄ-ի, անցած ընտրությունների ամենագլխավոր քաղաքական արդյունքը: Առաջին անգամ մենք ականատես եղանք նաեւ քաղաքական հանդուրժողականության եւ համագործակցության աննախադեպ եւ անկասկած ապագա խոստացող դրսեւորմանը` հաղթող թեկածուի կողմից: Եվ այս ամենի ամենամեծ արժեքն այն էր, որ ստեղծված իրավիճակի ձեւավորմանը մեծապես նպաստել էր ընդիմության քաղաքական վարքագիծը, թեեւ ոչ պակաս կարեւորություն ուներ նաեւ իշխանությունների համբերատար եւ կառուցողական վարքագիծը հետընտրական զարգացումներում: Սրանք էին անցած ընտրությունների արդյունքում թե հանրության եւ թե քաղաքական ազդեցիկ ուժերի ամենագլխավոր քաղաքական ձեռքբերումները: Այսպես է ՀՔԴՄ-ն գնահատում նախագահական ընտրությունների քաղաքական արդյունքները` որակելով այդ ամենը որպես ժողովրդավարության այն փխրուն նվաճումը, որը պետք է փայփայվեր յուրաքնչյուրի կողմից` ով հավատում է Հայաստանի ժողովրդավարական ապագային: Եվ բոլորովին պատահական չէր, որ գնալով հանրության շրջանում ավելի տարածում էին գտնում սպասումները, որ ընդիմությունը իր քաղաքական կշռով եւ ազդեցությամբ ստեղծված իրավիճակը եւ իշխանությունների հետ բանակցելու հնարավորությունը կօգտագործի, որպեսզի հասնի պետական իշխանության արդյունավետության բարձրացման եւ հանրային կյանքում այդքան սպասված որակական տեղաշարժերի խնդրում ընդիմության գործնական մասնակցությունն ու ազդեցությունը մեծացնելու վերաբերյալ համակարգային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Այդ սպասումները էլ ավելի առարկայական դարձան այն բանից հետո, երբ ազդեցիկ քաղաքական ուժերը, եւ առաջին հերթին ՕԵԿ-ը, համոզվելով, որ վերահաշվարկից հետո ընտրությունների վերջնական արդյունքները էական փոփոխություններ չկրեցին, ընդունեցին ընտրությունների արդյունքները եւ հայտնեցին նորընտիր Նախագահի հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը: ՀՔԴՄ-ն ՕԵԿ-ի այդ քայլը որակում է որպես հանրության առջեւ պատասխանատվության եւ քաղաքական ողջամտության դրսեւորում: Հակառակ այս սպասումներին, Լ. Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հայտարարեցին, որ իրենք իշխանությունների հետ բանակցությունները համարում են անիմաստ եւ ստեղծված իրավիճակում նրանք երկու ճանապարհ են տեսնում` կամ դեպի նախագահական նստավայր կամ բանտ, դրանով իսկ փակուղի մտցնելով իրենց մասնակցությամբ քաղաքական կառուցողական զարգացումների որեւէ հեռանկար:

Այդ պահից քաղաքական պրոցեսը, հետեւաբար եւ հանրային կյանքը, մտավ որակապես նոր` քաղաքական կոշտ առճակատման փուլ` զանգվածային չարտոնված միտինգներով ու ցույցերով եւ իրավական հիմնավորումներից զուրկ քաղաքական պահանջներով ու կոչերով: ՀՔԴՄ-ն ճանաչում եւ հարգում է ընտրությունների արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելու քաղաքական ցանկացած ուժի եւ նրան սատարողների իրավունքը: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք համոզված ենք, որ այդ իրավունքը, քաղաքացիների մի հատվածի ուժերն օգտագործելու ճանապարհով հանրության վրա ճնշում գործադրելու համար, կարող է օգտագործվել բացառապես մեկ պարագայում, երբ այն ամրապնդված է անհերքելի իրավական փաստերով: Այդպիսիք կարող էին արձանագրվել ընդիմության պահանջով թվով 132 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում: Մինչդեռ վերահաշվարկը, որն անցկացվեց ընդիմության վստահված անձանց, Ժառանգություն կուսակցության անդամների եւ տեղական ու միջազգային դիտորդների մասնակցությամբ, էական փոփոխություններ չարձանագրեց ընտրությունների վերջնական արդյունքներում: Ավելին, Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից վերահաշվարկի գործընթացը չբողոքարկվեց Վարչական դատարանում, որը նշանակում է, որ նրանք, ըստ էության, որեւէ փաստ չունեին վերահաշվարքի ընթացքն ու արդյունքները վիճարկելու համար: Մի՞թե այս ամենը չի խոսում այն մասին, որ ընտրությունների արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ առնելու ոմանց իրավունքն ու ցանկությունը զուրկ էր կոնկրետ փաստերով ամրապնդված իրավական հիմքերից: Չէ որ ընտրությունների արդյունքները փաստում են, որ ընտրողների ավելի քան 70%-ի համար քվեարկության արդյունքները, այդուհանդերձ, վիճահարույց չեն: Ավելին, այդ նույն արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների հիմնական մասը` բավարարված չլինելով երկրում տիրող սոցիալական եւ բարոյահոգեբանական մթնոլորտով, նույնպես կարոտ է արմատական որակական փոփոխությունների, սակայն առանց հանրային կյանքի կայունությունը վտանգելու, եւ չի պաշտպանում մեր իրականության հեղափոխական փոփոխությունների Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած ուղին: Սա նույնպես հարկ է ընդունել որպես անցած ընտրությունների կարեւոր քաղաքական արդյունքներից մեկը: Հետեւաբար, Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետագա գործողությունները ոչ այլ ինչ էին քան անհաշտ փոքրամասնության կողմից իր կամքը հանրության հիմնական հատվածին պարտադրելու անթաքույց դրսեւորում:

Անկասկած այս ամենը, մինչ մարտի 1-ի զարգացումները, որոշ վերապահումներով, համապատասխանում էր ժողովրդավարության եւ քաղաքական այլակարծության ընդունելի սկզբունքներին, հետեւաբար եւ հանրային լուրջ մտահոգություն չէր հարուցում: Փաստ է, որ իշխանությունները բավականին համբերատար եւ ինչ որ իմաստով ըմբռնումով էին վերաբերվում արմատական ընդիմության չարտոնված ցույցերին ու միտինգներին, համոզված լինելով, որ դրանք կրում են բացառապես խաղաղ բնույթ եւ օգտագործվում են լոկ որպես քաղաքական ճնշման ժողովրդավարական միջոց: Ահա թե ինչու ՀՔԴՄ-ն` մինչեւ մարտի 1-ը հետընտրական այս իրավիճակը, որի ձեւավորմանը նպաստել էր թե իշխանությունը, թե ընդիմությունը եւ, որն ավելի կարեւոր է, նաեւ ժողովուրդը` իր ակտիվ մասնակցությամբ, գնահատում է որպես հանրային կյանքի հետագա ժողովրդավարացման համար իրական նվաճում, որը խոստանում էր ձեւավորել սպասվելիք համակարգային փոփոխությունների իրականացման համար նպաստավոր քաղաքական միջավայր: Ահա թե ինչու ՀՔԴՄ-ն գտնում է, որ ստեղծված իրավիճակը, ազդեցիկ լինելու հավակնություն ունեցող ցանկացած քաղաքական ուժի եւ նրա լիդերների մոտ, պետք է խթաներ երկխոսություն ծավալելու ողջամիտ գործելաոճ` այդ թվում նաեւ սեփական մասնակցության շնորհիվ առկա ձեռքբերումները խորացնելու եւ հանրային կյանքը օգտակար զարգացումների բնականոն հուն տեղափոխելու նպատակով: Ակնհայտ է, որ քաղաքական պրոցեսները փողոցներից եւ հարթակներից դեպի արդյունավետ երկխոսության եւ քաղաքական բանավեճի ձեւաչափ տեղափոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդիմությունը ունենա պետական իշխանության վրա արդյունավետ ազդելու լծակներ` պետական մարմինների ողջ համակարգում եւ առաջին հերթին Ազգային Ժողովում: Այնպես որ, եթե քաղաքական լիդերի եւ նրան սատարողների իրական նպատակը լիներ ժողովրդին հուզող խնդիրների լուծման համար անհրաժեշտ երաշխիքների ստեղծումը, ապա ստեղծված իրավիճակում նախապատվութունը կտրվեր միակ ողջամիտ հնարավորությանը` քաղաքական երկխոսությանն ու բանակցություններին` վերը նշված քաղաքական օրակարգով: Սակայն, ցավոք, Լ. Տեր-Պետրոսյանն ու իր թիմը չկարեւորեց հանրային կյանքում որակական տեղաշարժեր ապահովելու համար ստեղծված իրավիճակի քաղաքական ողջ պոտենցիալը եւ նախապատվությունը տվեց ցանկացած գնով, այդ թվում եւ ուժով, սեփական նպատակներին հասնելու անհեռատես մարտավարությանը: Հայտարարելով բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու իր մտադրությունների մասին, քաղաքական այս թիմը գնաց իրավիճակը ակնհայտ սրելու ճանապարհով` հանրահավաքի մասնակիցներին վճարելով ու զինելով մահակներով, մետաղաձողերով եւ մասայական անկարգությունների համար նախատեսված այլ հնարավորություններով ու զինամթերքով, դրանով իսկ խաղաղ ցուցարարներին վերածելով վարձու զինված ամբոխի: Այդ պահից սկսած Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցող մասայական հավաքներն ու երթերը, ըստ էության, այլեւս չէին կարող որակվել որպես խաղաղ ցույցեր, իսկ նրանց մասնակիցները` խաղաղ ցուցարարներ: Արդյուքում քաղաքական պայքարը դադարեց որպես այդպիսին լինելուց եւ մարտի 1-ի կեսօրից հետո վերածվեց մասայական անկարգությունների միջոցով անիշխանություն հաստատելու եւ այդ ճանապարհով հեղաշրջում իրականացնելու անթաքույց փորձի: Ցավոք, ի վերջո, այն հանգեց ողբերգական իրադարձությունների:

ՀՔԴՄ-ն դատապարտում եւ անընդունելի է համարում քաղաքական ուժերի եւ պատասխանատուների նման վարքագիծը: Տվյալ պարագայում այն կրկնակի անընդունելի է նաեւ այն պատճառով, որ իրադարձությունների պատասխանատվությունը ստանձնել էր մի գործիչ, որը, լինելով իշխանության ղեկին, անձամբ իր մաշկի վրա էր զգացել 1996թ. նմանատիպ իրադարձությունների` պետության համար անհեռանկարայնության ողջ ծանրությունը: Եվ այդ առումով հանրությանը այսպիսի ծանր ընտրության առջեւ կանգնեցնելը, այն էլ մարդկանց կյանքը վտանգելու գնով, ըստ մեզ, անբարո է: Կազմակերպիչները պարտավոր էին գիտակցել, որ զինելով զանգվածին, այն էլ այդպիսի ներքաղաքական լարված իրավիճակում, ստեղծում են լուրջ սպառնալիք հասարակության անվտանգությանը: Ակնհայտ է, որ նման պարագաներում իշխանությունները պարտավոր էին ձեռնարկել վտանգը չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ քայլեր: Թեպետ, ոստիկանության գործողությունները զերծ չէին թերություններից, այնուամենայնիվ իրադարձությունների զարգացումն ու իրավապահ կառույցների վարքագիծը, մինչ մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելու պահը, վկայում է, որ իշխանությունները ցուցարարների նկատմամբ ուժ եւ բռնություն գործադրելու նպատակ չեն հետապնդել: Մասնավորապես դրա վկայությունն է այն փաստը, որ մարտի 1-ի կեսօրին ոչ թե փորձ արվեց քաղաքապետարանին կից հրապարակում հավաքվածներին ուժով ցրել, այլ առաջարկություն արվեց միտինգը խաղաղ շարունակել մատենադարանին կից հրապարակում: Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀՔԴՄ-ն մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը իշխանությունների գործունեությունը որակում է մայրաքաղաքում ստեղծված իրավիճակին ադեկվադ: Ցավոք, այդ ամենի արդյունքում չհաջողվեց խուսափել վիրավորներից եւ մադկային կորուստներից: ՀՔԴՄ-ն մերժում է ուրիշների առողջությունն ու կյանքը վտանգելու գնով քաղաքական նպատակներին հասնելու ցանկացած դրսեւորում եւ միաժամանակ հայտարարում է,որ չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ,որին մարդկանց կյանքի գնով հասնելը արդարացված լինի: Մենք մարդկային խորը վիշտ ենք ապրում զոհվածների համար եւ ցավակցում ենք նրանց հարազատներին, համոզված լինելով, որ կորուստի վերքը ամոքելու լավագույն սպեղանին այդ ողբերգության մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելն է եւ պահանջում ենք իշխանություններից ապահովել արդարացի, բաց եւ թափանցիկ դատաքննություն: Մենք հայտարարում ենք, որ ոչ մեկը չի կարող հետապնդվել իր քաղաքական հայացքների ու այլակարծության համար, ճիշտ այնպես, ինչպես եւ ոչ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից` քողարկվելով քաղաքական նպատակների ետեւում: Այսպիսին են վերջին ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության գնահատականները: Եվ թեպետ դրանք առընչվում են այսօր բոլորիս հուզող երեւույթներին, այդուհանդերձ մենք հեռու ենք դրանք ճշմարտության վերջին խոսքը համարելու, առավել եւս, համընդգրկուն որակելու մտքից: Դժվար է չհամաձայնել, որ նույնիսկ այդ վերլուծություններից հետո էլ մնում են հարցեր, որոնք իրենց պատասխաններին են սպասում: Շատերն այսօր արդարացիորեն հարցնում են. մի՞թե հնարավոր չէր խուսափել հանրային կյանքում ժողովրդավարական ավանդույթների ձեւավորման համար օգտակարության առումով խիստ խոցելի եւ, ըստ էության ոչինչ չտվող, այդ զարգացումներից: Մի՞թե մենք դատապարտված ենք որոշակի պարբերականությամբ եւ նախանձելի ճշգրտությամբ անընդհատ հայտնվել նմանատիպ իրավիճակներում: Իսկ մի՞գուցե այդ ամենն ունի իր օբյեկտիվ պատճառները եւ եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կախված նրանից, թե որքանով հայրենի քաղաքական միտքը ունակ կլինի անաչառ անդրադառնալ այս հարցադրումներին, այդքան հանրային կյանքը առավել արագ եւ նվազ կորուստներով կմտնի իր բնականոն զարգացման ընթացքի մեջ: ՀՔԴՄ-ն համոզված է, որ մեր հասարակությունը, ինչպես եւ անցումային փուլում հայտնված ցանկացած այլ հասարակություն, հիվանդ է համակարգային բնույթի արատներով: Առանց դրանց ախտորոշման հնարավոր չէ տալ վերը նշված հարցերի պատասխանները եւ մեր իրականության վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն կլինի միակողմանի եւ հանրության համար նվազ օգտակար: ՀՔԴՄ-ն առաջիկայում հանդես կգա այդ հարցադրումների շուրջ վերլուծություններով եւ հանրային կյանքը քրիստոնեա-դեմոկրատական գաղափարախոսության սկղբունքներին համապատասխան համընթաց զարգացման կայուն հուն տեղափոխելու վերաբերյալ առաջարկություններով:

Խոսրով Հարությունյան
ՀՔԴՄ նախագահ. 17.03.2007թ.