168 Hours Weekly Online  
Thursday, February 9, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

«Ուզում եմ «Playboy»-ի շապիկին հայտնվել»

Հուլիս 22, 2010

Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն, ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է տվել Bravo.am-ին:

«Ես շատ-շատ լուրջ նպատակներ ունեմ. ուզում եմ համաշխարհային աստղ դառնալ: «Հնարավոր չէ» արտահայտությունը բացառում եմ: Սահմաններ չկան, եթե ուժեղ ես, շատ ես աշխատում, ամեն ինչ կարող ես: Չնայած` հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել: Թույլ կտամ այն ամենը, ինչն իմ ինքնասիրության վրա չի ազդի: Ես էմոցիոնալ եմ ու շուտ եմ հուզվում»,- ասել է նա:

- Rippi-ական ազատությունը ո՞րն է:

- Տարօրինակ ազատություն է ու տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով է ինձնից դուրս գալիս: Կարող է նստած ծամոնով խաղամ` շատ երկա՜ր, զարմանան: Ինձ հավես է, ես այդ պահին այդպես եմ ուզում: Առաջ անհանգստանում էի, հիմա ազատվել եմ այդ կարծիքներից նեղվելուց: Իմ ազատությունը օվկիանոսի պես անծայր է: Ջրի հետ էմոցիոնալ կապ ունեմ:

- Որեւէ բարդույթ չունե՞ս:

- Ստից բաներ են: Առաջ մաշկիս գույնից, եղունգներիս վատ վիճակում լինելուց կկոմպլեքսավորվեի, բայց հիմա ինչքան գնում է, այնքան ազատ, հարմար ու լավ եմ զգում: Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ: Հա, սիրուն ավանդույթներ էլ ունենք, բայց միայն գնահատում եմ դրանք, գուցե մարդիկ սխալ հասկանան, իրենց խնդիրն է: Ես հաստատ կոմպլեքսավորված չեմ:

- Հայ, ոչ քեզ պես ազատամիտ աղջիկների մասին ի՞նչ կասես:

- Ես իրենց ասելու բան չունեմ: Մի ֆիլմ կա. hանցագործները մեքենայով գնում են, մեկը ասում է. «Ես չէ, որ պետք է դատեմ ձեզ: Երեք տղա նստած եք առանց աղջիկների, առանց ռեփի, ես ձեզ ասելու բան չունեմ...»: Թող ազատվեն, դա լավ է: Լավ, խենթ ազգ ենք, բայց շատ սահմանափակ, դա լավ չի: Չնայած` ինձ պես տարբերվողներն էլ շատ-շատ են: Ես Հայաստանում չեմ նեղվում, ուղղակի ուզում եմ գնալ:

- Քեզ չսիրողները շա՞տ են:

- Էս վերջերս թշնամիներս ինչ-որ քիչ են նկատվում, բայց, կարծում եմ, հա, ունեմ: Ինձ չսիրողներ ահագին կան:

- Լսել եմ` բացասական կարծիքների «մանիակ» ես:

- Առաջ կայքերում իմ մասին գրված վատ կարծիքներից շատ էի հուզվում, հիմա սովորել եմ, նույնիսկ պահանջ եմ զգում: Որ չեն լինում բացասական կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է: Բայց չէ, վերջին` «Ես առաջինն եմ» տեսահոլովակից հետո լավ դոզա ստացա: Իմ ոճն այնպիսին է, որ ուզեմ-չուզեմ, վատ արձագանքողներ կլինեն: Սկանդալներ գնահատող մարդ եմ, սկանդալային եմ: Դա ավելորդ PR է: Ի դեպ, ինձ քննադատողների 99.5 տոկոսը աղջիկներն են: Դա իրենց սահմանափակ լինելուց է: Թող ինձ պես իրենք էլ անեն այն, ինչ ուզում են: Քանի որ չեն կարող, ազդվում են: Արտաքինի ֆակտորն էլ կա: Այս երեւույթը ամեն տեղ կա, Հայաստանում` չափազանցված: Իմ հասցեին հայհոյանքներ էլ են լինում, դրան էլ եմ նորմալ վերաբերվում: Ուղղակի կուզեի` գնահատեն այն, ինչ ես ցույց եմ տալիս, ոչ թե հագուստի բացությունը:

- Ե՞րբ այս Rippi-ն դարձար:

- Անունս միամիտ որոշվեց: Իմ անձնագրային անվանը շատ մոտ է: Հիմնականում ավելի ճիշտ կլինի անգլերենով գրեն: Նախկին պրոդյուսերիս` Արտյոմ Հովակիմյանի հետ մոտ երեք տարի առաջ նստած բեմական անունս էինք որոշում, ամեն մեկս մի տառ դրեցինք ու ստացվեց Rippi: Սկզբում անսովոր էր, բայց մեզ շատ դուր եկավ. Մտածեցինք` բրենդային է, լավն է: «Հռիփսիմե»-ով դիմողներին չե՞ս արձագանքում:

Միայն զարմուհիս է այդպես դիմում, չգիտեմ` ինչու: Ինձ միշտ ծանոթացնում է` ներկայացնելով որպես Հռիփսիմե, չեմ հասկանում... Խնդրում եմ էլի` ինձ Rippi ասեք, ես Rippi-ն եմ:

- Ծնողներդ ինչպե՞ս են դիմում:

- Ծյոպիկ են ասում. փոքր ժամանակ քույրերս չեն կարողացել անունս ճիշտ տալ, ծյոմպոլոնիկ, ծյոպիկ են կանչել, այդպես էլ մնացել է: Շատ սիրուն է, էլի բրենդային է: Մի հինգ-վեց տեսակի անուն ունեմ... Ինչ ասես ասում են, մի խոսքով:

- Ամենախոր հիասթափությունը տղամարդու պատճառո՞վ ես ապրել:

- Առաջին սիրուցս: Չորս թե հինգ տարի առաջ է եղել... Երբ հասկացա` նա այն մարդը չի, ում որ սիրում էի, շատ-շատ հիասթափվեցի:

- Լքե՞լ է քեզ, թե՞ հակառակը:

- Երկուսով այդպես որոշեցինք, որովհետեւ կռիվներ էին սկսվել, բայց չեմ կարող ասել, որ ես եմ լքել իրեն: Ժամանակը եկավ, ամեն ինչ սառեց, ու սկսեցինք էլ կապ չունենալ իրար հետ:

- Բաժանման պատճառը ո՞րն էր:

- Երեւի իրարից հոգնել էինք: Շատ դեպքերում ես էլ եմ սխալ եղել, ինքն էլ: Երեւի տենց էլ պետք է լիներ. դա է լավը: Ճիշտն ասած` հիմա ուրախ եմ դրա համար, բայց շատ լավ եմ վերաբերվում այդ մարդուն:

- Հիմա իրար բարեւո՞ւմ եք:

- Հեռվից... Չեմ ասի, որ տաք բարեւներ են: Երեւանում է, երգարվեստի, շոու-բիզնեսի հետ կապ ունի, բայց չեմ ուզում անունն ասել` անցած պատմություն է:

- Հաճախ սիրահարվողների՞ց ես:

- Միասեր եմ, թեեւ տեսահոլովակներով այլ տպավորություն եմ թողնում: Շատ ռոմանտիկ եմ, շատ դժվար եմ սիրահարվում ու մարդուն մոտենում այդ իմաստով:

- Ինչո՞ւ փոքր ժամանակ քեզ չես հավանել:

- Խուճուճ մազերով էի, շատ սեւ, ամառներն էլ ավելի էի սեւանում: Երեխեքը ինձ միշտ նեղացնում էին` «նեգր, նեգր» գոռալով...

- Հիմա ինքնահավա՞ն ես:

- Հետո, որ մեծացա... Սիրում եմ արեւի տակ մնալ, ավելի մգանալ: Հիմա դա նորաձեւ է, գայթակղիչ:

- Հայելու մեջ նայելիս քեզ հավանո՞ւմ ես:

- Հա, շատ: Բայց երբեմն լինում է, որ ինձ հեչ դուր չեմ գալիս, նյարդայնանում եմ: Երեւի հոգնած ժամանակ է դա լինում: Ճիշտն ասած` շատ եմ հայելու մեջ նայում, անընդհատ, ու ինձ ասում են` այդքան չնայեմ, էներգիա է խլում... Բայց, այո, ես ինձ դուր եմ գալիս:

- Արտաքինիդ ո՞ր հատվածն է շատ հաճոյախոսությունների արժանանում:

- Նայած մարդ: Ասում են` շատ սիրուն աչքեր ունեմ, մեկը մարմինս է հավանում: Բայց կուզեի, որ մի օր ոչ ոք մարմնիս, շորերիս չնայի: Ի դեպ, միտք կա նման տեսահոլովակ նկարահանել: Ուզում եմ` դերասան Սոս Ջանիբեկյանը նկարահանի. մի երկու հաջող գործ ունի, շատ է դուրս գալիս: Ես ուղղակի սովորական, ոչ կիպ ջինսերով կլինեմ, շապիկով, արտաքինս չի ընդգծվի, ոչ մի make up... Թող տեսնեն ներքինս:

- Մինչ օրս ամենամեծ գումարը, որ վաստակել ես:

- Չեմ կարող ասել: Եղել է, մեկի համար գործ եմ արել, ինձ շատ մեծ նվեր է տվել:

- Ի՞նչ դերերում ես հանդես եկել:

- Քարտուղարուհի եմ խաղացել նույնիսկ: Ես այդտեղ ծխում էի:

- Ուրիշ վայրերում չե՞ս ծխում:

- Փորձել եմ ծխել, դուրս չի գալիս: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է այդ ծուխը շնչել: Անառողջ բան է: Թե չէ խնդիր չկա ծխելու հետ:

- Չես էլ հարբում:

- Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում: Բայց օղի չեմ սիրում, չի ստացվում խմելը: Հարբել եւ ինձ կորցնելը շատ է լինում, ու հիմնականում տուժում են իմ խեղճ ընկերները: Թեւերիցս բռնած տուն են տանում: Որ հարբում եմ, շատ անտանելի եմ դառնում: Բայց բարիանում եմ, սկսում եմ զանգել այն մարդկանց, ում հետ որ կռված եմ, հաշտվում եմ, եթե նույնիսկ իրենք են մեղավոր լինում: Մի երկու անգամ եմ կռիվ արել: Եղել է նաեւ, որ խմել, սկսել եմ լացել: Ճիշտն ասած` խմել չգիտեմ, ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել: Իմ օրգանիզմը չի ընդունում ալկոհոլ: Հերիք է շատ քիչ օղի խմեմ, ու տեղում դիակս կփռվի, բայց մեկ է, էլի շարունակում եմ սովորել... Մի անգամ սոված փորիս կոնյակ եմ խմել ու ահավոր վատացել, նույնիսկ չեմ հիշում` ինչեր եմ արել, ասում են` լացել ու դարդերս եմ պատմել:

- Ծնողներդ գինովցած վիճակներդ ինչպե՞ս են տանում:

- Հայրս ամեն ինչին տեղյակ է: Իմ ընկերն է` շատ ազատամիտ: Ասում եմ` պապ, գնում եմ խմելու, ընկերներիս գիտի, ասում է` խնդիր չկա:

- Իսկ խմած վիճակում տուն վերադառնալուդ, ավելի ճիշտ` երբ քեզ տուն են բերում, ինչպե՞ս է արձագանքում:

- Հիմնականում դա շատ ուշ է լինում, ու ինքը քնած է լինում: Իր ներկայությամբ զգաստանում եմ: Այնպես չի, որ միշտ ալկոհոլից վատանում եմ, բայց երբեմն լինում է:

- Իսկ հարեւանների հետ ընդհարումներ...

- Հայրիկի տանը, ուր ես հիմնականում ապրում եմ, հարեւաններս շատ լավն են, ազատ, ինձ հասկանում են:

- Ծնողներդ ամուսնալուծվա՞ծ են:

- Այո, շատ փոքր եմ եղել, երբ բաժանվել են, ու հայրիկիս հետ եմ մեծացել: Մորս հետ էլ հաճախ եմ հանդիպում: Ինձնից մի տարի փոքր քույր ունեմ, որ մայրիկիս հետ է ապրում: Եթե ավանդական ընտանիքում լինեի, երեւի նույն Rippi-ն կլինեի: Շատ ժամանակ, երբ նկարներս բաց են լինում, պապաս ասում է. «Բայց արժե՞ր»: Պատասխանում եմ` այո, ինքն էլ ինձ վստահում է: Այնպես չի, որ շատ ուրախ է... Ուղղակի հարգում է իմ ընտրությունը: Շատ ժամանակ խորհուրդներով էլ է օգնում. բեմական շորս ցույց եմ տալիս, հարցնում` շա՞տ բաց է, ասում է. «Չէ, չէ, բեմական շոր է, հագի»:

- Հայհոյում է՞լ ես:

- Դա էլ կա: Երբեմն, որ շատ ջղայնացած եմ լինում... Ու տարբեր լեզուներով, նույնիսկ անգլերեն:

- Փողոցում նյարդայնացնողներն է՞լ կարժանանան այդ խոսքերին:

- Այո, ու բավական... Շատ ժամանակ փողոցում ինձ ազատ եմ պահում: Կարող է չուպաչուպսով դուրս գամ, շատերը լավ չնայեն: Շատ-շատ նորմալ բաներ կա, որ ես անում եմ, ու չի ընդունվում:

- Ազատության ետեւի՞ց ես գնում Միացյալ Նահանգներ:

- Հիմա A Chilla-ի հետ եմ աշխատում, հիմնականում անգլերեն երգերով հանդես կգամ: Ամերիկայում ծրագրում եմ հաստատվել մի քանի ամսից, բայց լուրջ նկարահանումներ ունեմ այստեղ, կարող է երկար տեւի: Ինչպես արդեն նշել եմ, միայն հայ համայնքի համար չեմ ստեղծագործելու: Շատ աշխատելով, լավ գործեր ստեղծելով՝ ցանկությունս կիրականանա: Հիմա գումարը ճիշտ եմ տնտեսում, որ կարողանամ գնալ: Այն, ինչ անում եմ, իմ ոճը այնտեղ վաղուց կա, ընդունում են այդ դմփդմփոցը...

- Ցանկություն ունե՞ս «Playboy»-ի շապիկին հայտնվել:

- Կիսամերկ լուսանկարներ ունեմ, Լիաննա Աբրահամյանը` դիզայներս, խորհրդատուս, լոգոյիս հեղինակը, շատ գեղեցիկ է լուսանկարում: Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ: Պատրաստ չեմ: «Playboy» ամսագիրն էլ ոչ միայն տղաների համար է, այլեւ արվեստի տեսակ է: Կցանկանայի հայտնվել շապիկին, բայց ոչ թե պարզապես ինչ-որ ձեւի կանգնած, այլ յուրահատուկ, օրիգինալ գաղափար լիներ... Հա, շատ կուզեի:

Նյութերը` ըստ «Bravo»-ի
Տպելու համար